Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում անշարժ գույքի հետ կապված պետական գրանցումների համար սահմանվել են նոր պահանջներ։
Այսուհետ ոչ միայն անշարժ գույքի օտարման, այլև այլ գործարքների պետական գրանցման և նոր վկայական տրամադրելու դեպքում անհրաժեշտ է, որ համապատասխան անշարժ գույքի հարկային պարտավորությունները ամբողջությամբ կատարված լինեն։
Ի՞նչ է փոխվել
Ֆիզիկական անձանց դեպքում պետք է ամբողջությամբ վճարված լինեն այն անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որի նկատմամբ իրականացվում է պետական գրանցումը կամ տրամադրվում է նոր վկայական։
Կազմակերպությունների դեպքում պետք է ամբողջությամբ մարված լինեն տվյալ համայնքում գտնվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բոլոր օբյեկտների հարկային պարտավորությունները։
Հարկային պարտավորությունները պետք է կատարված լինեն նաև այն ամսվա համար, որի ընթացքում իրականացվում է պետական գրանցումը կամ տրամադրվում է նոր վկայականը։
Պետական գրանցումը կամ նոր վկայականի տրամադրումը կիրականացվի հաշվառող մարմնի կողմից տրամադրված՝ անշարժ գույքի գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։ Ընդունվում է նաև էլեկտրոնային տեղեկանքը։
Կարևոր բացառություններ
Նշված պահանջները չեն կիրառվում հետևյալ դեպքերում՝
-
սեփականության իրավունքի առաջին գրանցման ժամանակ,
-
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտի հիման վրա իրավունքի կամ սահմանափակման գրանցման դեպքում,
-
ժառանգության հիմքով սեփականության իրավունքի գրանցման ժամանակ։





