Անշարժ գույքի շուկան Երևանում. Ինչո՞ւ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը

Անշարժ գույքի շուկան Երևանում. Ինչո՞ւ պաշտոնական վիճակագրությունը չի արտացոլում իրական պատկերը

Վերջին երկու տարիներին Երևանի անշարժ գույքի շուկայում նկատված գերարժևորված գները սկսում են կարգավորվել։ Սակայն, շուկայի իրական տենդենցների և պաշտոնական վիճակագրության միջև առկա է զգալի խզում։ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ, փորձագետ Անդրանիկ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչ է կատարվում իրականում։

Պահանջարկի անկում և գների կարգավորում

Ըստ փորձագետի՝ 2022 թվականին Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը ստեղծել էր արհեստականորեն բարձր պահանջարկ։ Այսօր այդ գործոնը նվազել է. ռուսաստանցիների զգալի մասը հեռացել է, իսկ առաջարկը համալրվել է նորակառույց շենքերով։

«Հիմա պահանջարկը նվազել է, գները գնում են կարգավորման։ Թեև շատ սեփականատերեր դեռ դիմադրում են և չեն ցանկանում իջեցնել գները, շուկան ինքն է թելադրողը»,– նշում է Անդրանիկ Հարությունովը։

Վարձակալության շուկա. Գները նվազել են 30-40%-ով

Պաշտոնական տվյալներով՝ 2025թ. առաջին եռամսյակում Երևանում վարձակալության գործարքների թիվը կտրուկ նվազել է (շուրջ 27-79%-ով՝ կախված գույքի տեսակից)։ Իսկ իրական գների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարձակալության արժեքները նվազել են 30-40%-ով։

Օրինակ՝ եթե նախկինում ծայրամասերում 2 սենյականոց բնակարանի վարձը գերազանցում էր 200,000 դրամը, ապա այսօր նույն գնով հնարավոր է բնակարան գտնել նույնիսկ Կենտրոնում կամ նորակառույցներում։ Նոր Նորքում վերանորոգված բնակարանների վարձը տատանվում է 130,000-150,000 դրամի սահմաններում։

Ինչո՞ւ չվստահել պաշտոնական թվերին

Անդրանիկ Հարությունովը հատուկ ընդգծում է, որ Կադաստրի կոմիտեի հրապարակած միջին գները հաճախ «ուշացած» են և չեն արտացոլում ներկա պահի ռեալ պատկերը։ Դրա պատճառն այն է, որ վիճակագրությունը հիմնվում է պետական գրանցում ստացած գործարքների վրա, որոնք կարող են կնքված լինել 2-3 տարի առաջ՝ այն ժամանակվա գներով։

«Վիճակագրության մեջ երևում է 3 տարի առաջ վաճառված բնակարանը՝ այն ժամանակվա ցածր գնով, ինչն էլ խառնվում է այսօրվա գներին և ձևավորում ոչ ռեալ միջինացված արժեք»,– պարզաբանում է մասնագետը։

Իրական շուկայական գները Երևանում (ներկա պահին)

Ըստ փորձագիտական ուսումնասիրությունների՝ այսօրվա իրական գները հետևյալն են.

  • Ծայրամասեր (նորակառույցներ). 1 քմ-ը սկսած 380,000 դրամից։

  • Շահագործման հանձնված շենքեր. 1 քմ-ը սկսած 600,000 դրամից։

  • Փոքր Կենտրոն (նորակառույցներ). 1 քմ-ի արժեքը կարող է հասնել մինչև 2,300,000 դրամի։

Այսպիսով, չնայած պաշտոնական թվերի տատանումներին, շուկան գնում է կայունացման, և գնորդներն այժմ ավելի շատ հնարավորություններ ունեն սակարկելու և ավելի մատչելի տարբերակներ գտնելու համար։


Աղբյուր

Կապված նյութեր