Գույքահարկի «թակարդը». որքա՞ն կվճարեն երևանցիները 2026 թվականին. տնտեսագետի հաշվարկները

Գույքահարկի «թակարդը». որքա՞ն կվճարեն երևանցիները 2026 թվականին. տնտեսագետի հաշվարկները

Հայաստանում անշարժ գույքի սեփականատերերը պետք է պատրաստվեն հարկային լուրջ բեռի։ 2021 թվականից մեկնարկած գույքահարկի թանկացման 6-ամյա պլանը մոտենում է իր գագաթնակետին։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է մանրամասն հաշվարկներ, թե որքան է կազմելու հարկը 2026 թվականին, երբ համակարգն անցնի 100% գանձման փուլին։

Ինչպե՞ս է աճելու հարկը.

Հիշեցնենք, որ 2024-ին մենք վճարում ենք սահմանված հարկի 50%-ը, 2025-ին կվճարենք 75%-ը, իսկ արդեն 2026 թվականին՝ ամբողջ 100%-ը։ Սա նշանակում է, որ առաջիկա երկու տարում վճարվող գումարը կկրկնապատկվի։

Որքա՞ն կկազմի բնակարանների գույքահարկը 2026-ին.

Ըստ Հրայր Կամենդատյանի հաշվարկների՝ կախված գույքի շուկայական/կադաստրային արժեքից, տարեկան վճարները կլինեն հետևյալը.

  • Մինչև 10 մլն դրամ արժեքով գույք՝ 5 000 դրամ

  • 10-25 մլն դրամ արժեքով գույք՝ 20 000 դրամ

  • 25-47 մլն դրամ արժեքով գույք՝ 64 000 դրամ

  • 47-75 մլն դրամ արժեքով գույք՝ 176 000 դրամ

  • 75-100 մլն դրամ արժեքով գույք՝ 326 000 դրամ

  • 100 մլն դրամից ավելի արժեքով գույք՝ 326 000 դրամ + 100 մլն-ը գերազանցող արժեքի 1%-ը։

Օրինակ՝ Երևանի կենտրոնում (Աբովյան փողոց) գտնվող սովորական 2-սենյականոց բնակարանի համար, որի արժեքը տատանվում է 150-200 հազար դոլարի սահմաններում, սեփականատերը ստիպված կլինի վճարել շուրջ 326,000 դրամ տարեկան հարկ։

Առանձնատների հարկային սանդղակը.

Առանձնատների դեպքում պատկերն է՛լ ավելի մտահոգիչ է.

  • 50-85 մլն դրամ արժեքով տուն՝ 213 000 դրամ

  • 85-100 մլն դրամ արժեքով տուն՝ 423 000 դրամ

  • 120 մլն դրամ և ավելի արժեքով տուն՝ 423 000 դրամ + 100 մլն-ը գերազանցող մասի 1%-ը։

Սոցիալական ռիսկեր և «ունեզրկման» վտանգ.

Հրայր Կամենդատյանն ուշադրություն է հրավիրում մի ցավոտ խնդրի վրա. Երևանի կենտրոնում բնակվող շատ թոշակառուներ, ովքեր ստանում են ամսական 40-50 հազար դրամ թոշակ, չեն կարողանալու վճարել տարեկան 350,000 դրամի հասնող հարկը։

«Թոշակառուին 1 տարի գոյատևելու համար մնալու է օրական ընդամենը 500 դրամ։ Սա նշանակում է, որ մարդը կարող է միայն մեկ հաց գնել»,- նշում է տնտեսագետը։

Փորձագետը մտահոգություն ունի, որ չվճարված հարկերի պատճառով գործի կանցնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ՀԿԱԾ), ինչը կարող է հանգեցնել աճուրդների և քաղաքացիների ունեզրկմանը հատկապես մայրաքաղաքի թանկարժեք հատվածներում։

Բյուջետային ակնկալիքներ.

Այս փոփոխությունների արդյունքում համայնքային բյուջեի մուտքերը պետք է շեշտակի աճեն։ Եթե ներկայումս հավաքագրվում է շուրջ 8 մլրդ դրամ, ապա 2026-27 թթ. ակնկալվում է, որ այդ թիվը կհասնի 40 մլրդ դրամի։

Աղբյուր

Կապված նյութեր