Հայաստանում նախատեսվում է ընդլայնել ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն գործող իրավակարգավորումները՝ միաժամանակ սահմանելով ավելի խիստ պահանջներ։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Ինչ է նախատեսվում փոխել
Քաղաքացիական օրենսգրքում 2021 թվականին կատարված փոփոխություններով սահմանվել էր որոշակի ժամկետ, որի ընթացքում մինչեւ օրենսդրական փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցները կարող էին հաշվառվել, իսկ դրանց սեփականատերերը՝ դիմել օրինականացման համար։
Միաժամանակ սահմանվել էր, որ օրենքի փոփոխությունից հետո կառուցված ինքնակամ կառույցներն այլեւս օրինականացման ենթակա չեն։
Սակայն իրավակարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, ինչի արդյունքում առաջարկվում է ընդլայնել ինքնակամ կառույցների օրինականացման գործող հնարավորությունները՝ սահմանելով նաեւ ավելի խիստ պահանջներ։
Որոշ դեպքերում քանդումը կարող է չբխել հանրային շահից
Նանե Ղազարյանի խոսքով՝ օրենքի ընդունումից հետո կառուցված առանձին ինքնակամ կառույցների համար օրինականացման հնարավորության լիակատար բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից։
Կան իրավիճակներ, երբ նման կառույցների քանդումը կարող է հանգեցնել արդեն իսկ ստեղծված տնտեսական եւ սոցիալական արժեքի կորստի։
Մինչդեռ համապատասխան պահանջների պահպանմամբ դրանց օրինականացումը կարող է նպաստել՝
- գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը,
- տնտեսական շրջանառության ընդլայնմանը,
- հարկային եւ տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը,
- անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը։
Նախագծով, այդպիսով, նախատեսվում է մի կողմից որոշ դեպքերում ընդլայնել ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները, իսկ մյուս կողմից՝ այդ գործընթացի նկատմամբ սահմանել ավելի խիստ պահանջներ։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն։





