Կադաստրի կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է իր անունից ուղարկվող կեղծ SMS հաղորդագրությունների մասին։
Կոմիտեի հաղորդմամբ՝ սպասարկող կազմակերպությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացիներին Կադաստրի կոմիտեի անունից ուղարկվում են SMS հաղորդագրություններ, որոնք պարունակում են կասկածելի հղումներ և որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործունեության կամ մատուցվող ծառայությունների հետ։
Այս պահին տարածվող կեղծ հաղորդագրություններից մեկը հետևյալ բովանդակությունն ունի․
«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: <հղում>»
Կադաստրի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին չարձագանքել նման հաղորդագրություններին և որևէ դեպքում դրանց միջոցով չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ։
Եթե հաղորդագրությունը պարունակում է հղում, խորհուրդ է տրվում չբացել այն և չմուտքագրել քարտային, անձնական կամ նույնականացման որևէ տվյալ։
Նման հաղորդագրությունները կարող են լինել ֆիշինգային խարդախության փորձ, որի նպատակը քաղաքացիների անձնական կամ ֆինանսական տվյալների ձեռքբերումն է։
Կասկածելի հաղորդագրություն ստանալու դեպքում անհրաժեշտ է հատկապես զգույշ լինել և տեղեկատվության իսկությունը ստուգել միայն Կադաստրի կոմիտեի պաշտոնական հաղորդակցման աղբյուրների միջոցով։





