Նորակառույց, թե՞ նոր խնդիրներ. Ի՞նչ է թաքնված Ձեր պայմանագրի տողատակերում

Նորակառույց, թե՞ նոր խնդիրներ. Ի՞նչ է թաքնված Ձեր պայմանագրի տողատակերում

Հայաստանում նորակառույց շենքերի բումը շարունակվում է, սակայն գեղեցիկ էսքիզների ու գովազդային հոլովակների հետևում հաճախ թաքնված են լուրջ իրավական ռիսկեր։ Չնայած եկամտահարկի հետվերադարձի ծրագրի աստիճանական կրճատմանը՝ պահանջարկը դեռ բարձր է, իսկ գնորդը՝ հաճախ անպաշտպան։

Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը (ՄՍՊՀ) իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն և վեր հանել այն համակարգային խնդիրները, որոնց բախվում են քաղաքացիները կառուցապատողների հետ գործարք կնքելիս։ Ահա այն 5 կետերը, որոնց շուրջ պետք է լինել առավելագույնս զգոն.

1. «Միանալու պայմանագրեր» կամ կառուցապատողի միակողմանի խաղը

Ըստ ՄՍՊՀ-ի՝ պայմանագրերի մեծ մասը կազմված է այնպես, որ գնորդը չի կարող փոխել որևէ կետ։ Դուք կա՛մ ընդունում եք պայմանները, կա՛մ հրաժարվում գնումից։ Հաճախ կառուցապատողներն իրենց իրավունք են վերապահում միակողմանիորեն փոփոխել պայմանագրի դրույթները՝ առանց Ձեզ պատշաճ ծանուցելու կամ հիմնավոր պատճառաբանության։

2. Մակերեսի «մոգական» փոփոխությունները

Սա ամենատարածված խնդիրներից մեկն է։ Գնորդը վճարում է նախագծային մակերեսի համար, սակայն շենքի ավարտից հետո փաստացի քառակուսի մետրերը կարող են պակաս լինել։ Շատ պայմանագրերում կառուցապատողները ներառում են կետեր, որոնք բացառում են գնի վերահաշվարկը։ Արդյունքում՝ Դուք վճարում եք գոյություն չունեցող մակերեսի համար։ Թեև ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը պահանջում է վերջնական գինը որոշել չափագրումից հետո, գործնականում սա հաճախ շրջանցվում է։

3. Ով է սպասարկելու շենքը. Պատասխանատվության վակուում

Ուսումնասիրված շուրջ 16,000 պայմանագրերում գրեթե բացակայում են դրույթները, թե ինչպես է իրականացվելու շենքի հետագա սպասարկումը։ Շենքը հանձնելուց հետո գնորդները հաճախ մնում են առանց իրավական երաշխիքների՝ վերելակների, տանիքի և այլ տեխնիկական համակարգերի պահպանման հարցում։

4. Շինարարական թերություններ. Դուք ստորագրում եք, որ «բողոք չունեք»

Կառուցապատողներից շատերը պայմանագրում ներառում են մի կետ, ըստ որի՝ հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից գնորդն անհետկանչելիորեն հայտարարում է, որ որևէ թերություն չի հայտնաբերել։ Սա զրկում է Ձեզ հետագայում թաքնված թերությունների համար փոխհատուցում պահանջելու հնարավորությունից։

ՄՍՊՀ-ն այս հարցում մատնանշում է միջազգային փորձը (Ֆրանսիա, Գերմանիա), որտեղ գործում է կառուցապատողի պարտադիր ապահովագրություն 3-ից 10 տարի ժամկետով (decennial liability)։ Հայաստանում այս մշակույթը դեռևս բացակայում է։

5. Ժամկետների խրոնիկ ուշացումներ

Շինարարության ձգձգումը ոչ միայն ժամանակի, այլև ֆինանսական կորուստ է։ Գնաճն ու դրամի արժեզրկումը փոշիացնում են Ձեր կանխավճարների արժեքը։ Սակայն պայմանագրերում հաճախ բացակայում են կոնկրետ տույժերն ու փոխհատուցման մեխանիզմները, որոնք կառուցապատողին կստիպեին պահպանել ժամկետները։

Ի՞նչ անել

Հանձնաժողովն արդեն ներկայացրել է լուծման մեխանիզմներ, սակայն քանի դեռ դրանք օրենքի ուժ չեն ստացել, գնորդը պետք է լինի իր սեփական շահերի պաշտպանը։ Բնակարան գնելիս մի՛ սահմանափակվեք միայն շենքի տեղադիրքն ու գինն ուսումնասիրելով։ Պահանջե՛ք պայմանագրի մանրակրկիտ իրավաբանական փորձաքննություն։

Աղբյուր

Կապված նյութեր