Բաց հարթակ ( Աղբյուր ). Բնակարան ձեռք բերելիս պետք է ուսումնասիրել կառուցապատող ընկերության գործունեությունը. Բասենցյան
2025 թվականի հունվարից Հայաստանի անշարժ գույքի շուկան թևակոխում է նոր փուլ, քանի որ Երևանում այլևս չի գործելու եկամտահարկի հետվերադարձի մասին օրենքը։ Սա անակնկալ չէր կառուցապատողների համար, քանի որ գործընթացը սկսվել էր դեռևս 2022 թվականից։ Այս փոփոխության արդյունքում նկատվում է շինարարական ակտիվության տեղափոխում դեպի Երևանամերձ բնակավայրեր, ինչպիսիք են Պռոշյանը, Նոր Հաճնը, Ձորաղբյուրն ու Բագրևանդը։ Կարելի է ասել, որ Երևանի սահմանները «արհեստականորեն» ընդլայնվում են, քանի որ քաղաքացիները, պահպանելով եկամտահարկի արտոնությունը, նախընտրում են տուն ձեռք բերել մայրաքաղաքին շատ մոտ գոտիներում։
Զարգացման հետաքրքիր միտումներ են նկատվում նաև մարզերում։ Ծաղկաձորն ու Դիլիջանը շարունակում են մնալ ներդրումային տեսանկյունից ամենաակտիվ գոտիները, որտեղ հիմնականում կառուցվում են ապարտ-հյուրանոցներ՝ հետագայում վարձակալության հանձնելու նպատակով։ Գյումրին նույնպես ունի մեծ պոտենցիալ՝ շնորհիվ զբոսաշրջային ակտիվության։ Սակայն Սևանում իրավիճակն այլ է. այնտեղ նորակառույցների պակասը պայմանավորված է սեզոնայնությամբ և ներդրողների համար եկամտաբերություն ապահովելու դժվարությամբ։
Շուկայում ակտիվությունը պահպանելու համար փորձագետն առաջարկում է պետական մակարդակով ներդնել նոր գործիքներ։ Դրանցից մեկը օտարերկրացիներին անշարժ գույքի գնման դիմաց մշտական կացության իրավունքի տրամադրումն է, ինչը հաջողությամբ կիրառվում է Վրաստանում և եվրոպական շատ երկրներում։ Մյուս կարևոր ուղղությունը հնացած բնակֆոնդի թարմացումն է և վթարային շենքերի խնդրի լուծումը, ինչը կարող է շինարարության ոլորտի համար նոր և ավելի էֆեկտիվ խթան դառնալ, քան եկամտահարկի հետվերադարձն էր։
Ինչ վերաբերում է բնակարանների գներին, ապա մոտ ապագայում դրանց նվազում չի սպասվում։ Կառուցապատողները դառնում են ավելի ճկուն՝ առաջարկելով վճարման նոր սխեմաներ, օրինակ՝ «դուբայյան մոդելը», երբ գնորդը կարող է շարունակել վճարումները նույնիսկ շենքի հանձնումից հետո։ Բացի այդ, շինարարության բարձր ինքնարժեքը և երկրորդային շուկայում պահանջարկի հնարավոր աճը թույլ չեն տա, որ գները էականորեն նվազեն։ Գնորդներին խորհուրդ է տրվում լինել զգոն և գույք ձեռք բերելիս առաջնորդվել կառուցապատողի փորձով ու հեղինակությամբ՝ հաշվի առնելով Կառուցապատողների հայկական ասոցիացիայի անդամակցությունը որպես որակի երաշխիք։





