Հողամասի սեփականատերը պատմում է, որ ցանկանում է փոխել գույքի նպատակային նշանակությունը, սակայն համայնքից ստացել է պատասխան, որ դա հնարավոր չէ, քանի որ տարածքի վրայով անցնում են մեկ այլ օբյեկտի համար անցկացված բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր։ Նրա խոսքով՝ այդ գծերի անցկացման համար ինքը համաձայնություն չի տվել, իսկ դրանք հեռացնելու պահանջին պատասխան չի ստացել։
Իրավական հարցերի մասնագետ Հայկյանի գնահատմամբ՝ նման իրավիճակում խնդիրը միայն հողամասի նպատակային նշանակությունը փոխելու հնարավորությունը չէ․ առաջին հերթին պետք է պարզել՝ ինչ իրավական հիմքով են ուրիշի հողամասի տարածքում անցկացվել հաղորդագծերը։
Սեփականության իրավունքը տարածվում է նաև հողամասի վերգետնյա տարածքի վրա
Հայկյանի մեկնաբանությամբ՝ հողամասի սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը, իսկ այլ անձինք իրավունք չունեն անհիմն խոչընդոտել այդ իրավունքի իրականացմանը։
Նրա խոսքով՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը վերաբերում է ոչ միայն հողի մակերեսին կամ ստորգետնյա հատվածին, այլ նաև դրա վերգետնյա տարածքին։
Հետևաբար, մասնագետի գնահատմամբ, սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում նրա հողամասի վրայով էլեկտրահաղորդման գծերի անցկացումը կարող է համարվել սեփականության իրավունքի խախտում, նույնիսկ եթե սեփականատերը ֆիզիկապես չի զրկվել հողամասից։
Խնդիրը նրանում է, որ հաղորդագծերը կարող են սահմանափակել գույքի օգտագործման հնարավորությունները։
Սերվիտուտը պետք է ունենա իրավական հիմք
Նման դեպքերում կիրառվող կարևոր իրավական հասկացություններից մեկը սերվիտուտն է։
Սերվիտուտը ուրիշի սեփականությունը սահմանափակ ծավալով օգտագործելու իրավունք է։ Օրինակ՝ որոշակի պայմաններում մեկ անձը կարող է իրավունք ունենալ հարևանի հողամասով ճանապարհ անցկացնել կամ հաղորդակցություն անցկացնել։
Սակայն Հայկյանի խոսքով՝ նման իրավունքը պարզապես փաստացի գործողությամբ չի առաջանում։
Նա նշում է սերվիտուտ սահմանելու երկու հիմնական ճանապարհ՝ սեփականատերերի միջև համաձայնություն կամ համապատասխան իրավունքի սահմանում դատական կարգով։
Եթե սեփականատերը համաձայնություն չի տվել, պայմանագիր չի կնքվել և դատարանի որոշում նույնպես չկա, ապա մասնագետի գնահատմամբ՝ միայն այն փաստը, որ էլեկտրագիծն արդեն անցկացված է, ինքնին օրինական սերվիտուտ չի ստեղծում։
Սեփականատերը կարող է պահանջել վերացնել խոչընդոտը
Հայկյանի ներկայացմամբ՝ Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով սեփականատերը կարող է պաշտպանել իր իրավունքը նաև այն դեպքում, երբ իրեն չեն զրկել գույքի տիրապետումից, սակայն խոչընդոտում են դրա բնականոն օգտագործմանը։
Նման պահանջը իրավաբանության մեջ հայտնի է որպես նեգատոր հայց։
Այսինքն՝ սեփականատերը կարող է դիմել դատարան և պահանջել վերացնել իր սեփականության իրավունքի իրականացման համար ստեղծված խոչընդոտը։
Տվյալ իրավիճակում, ըստ Հայկյանի, այդ պահանջը կարող է վերաբերել հողամասի վրայով անցկացված հաղորդագծերի հեռացմանը, եթե դրանց տեղադրման համար օրինական հիմք չկա։
Ինքնապաշտպանության հնարավորություն ևս կա
Հայկյանը ուշադրություն է հրավիրում նաև Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության մեխանիզմների վրա։
Նրա մեկնաբանությամբ՝ երբ առանց սեփականատիրոջ համաձայնության այլ անձ մուտք է գործում նրա տարածք կամ այնտեղ գույք է տեղադրում, սեփականատերը կարող է նախ պահանջել վերացնել այդ ներխուժման հետևանքները։
Եթե պահանջը չի կատարվում, օրենքը որոշ դեպքերում թույլ է տալիս կիրառել իրավախախտման բնույթին համաչափ միջոցներ։
Միաժամանակ տվյալ դեպքում կարևոր առանձնահատկություն կա․ խոսքը էլեկտրահաղորդման գծերի մասին է, որոնք կարող են բարձր վտանգ ներկայացնել։
Հայկյանը հատուկ ընդգծում է, որ նման գծերի հետ սեփականատերը չպետք է ինքնուրույն աշխատի, եթե չունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում գործողությունները պետք է կազմակերպվեն համապատասխան մասնագետների միջոցով։
Ոստիկանությանը դիմելու տարբերակ ևս կա
Հայկյանի ներկայացմամբ՝ սեփականության նկատմամբ ներխուժման դեպքում օրենսդրությունը նախատեսում է նաև ոստիկանությանը դիմելու հնարավորություն։
Այսպիսով, սեփականատերը կարող է ընտրել իր իրավիճակին համապատասխան պաշտպանության տարբերակը՝ պահանջ ներկայացնել խախտում կատարած անձին, դիմել իրավասու մարմիններին կամ դատարան։
Այս պատմության հիմնական իրավական հարցը հողամասի նպատակային նշանակությունը փոխելն անգամ չէ։ Առաջին հերթին պետք է պարզվի՝ ինչ իրավական հիմքով են ուրիշի հողամասի վրայով անցկացվել էլեկտրահաղորդման գծերը։
Եթե սեփականատիրոջ համաձայնություն, սերվիտուտի պայմանագիր կամ դատարանի համապատասխան որոշում չկա, ապա Հայկյանի գնահատմամբ՝ սեփականատերը կարող է պահանջել վերականգնել իր գույքն ազատ օգտագործելու հնարավորությունը։





